Փարիզում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունից գրեթե անմիջապես հետո Ֆրանսիայում մեկնարկեցին ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 21-րդ և Կիոտոյի արձանագրության 11-րդ նստաշրջանները, որոնց մասնակցում էին աշխարհի գրեթե բոլոր երկրների նախագահները, ինչը եզակի դեպք էր։ Նախագահների մասնակցությամբ քննարկումներից հետո նստաշրջանները շարունակվեցին նախարարների մակարդակով, մասնակցում էր նաև ՀՀ բնապահպանության նախարարը։ Արդյո՞ք այդ նստաշրջանները մեծ քաղաքական հենք ունեին, ինչը շղարշվեց էկոլոգիական խնդրով։ Այս և քննարկված հիմնահարցի շուրջ զրուցեցինք բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։
-Հետաքրքիր հարց եք տալիս, սակայն պետք է փաստեմ, որ նստաշրջանների նպատակը էկոլոգիական էր, և այն, որ իր շուրջն էր համախմբել շուրջ 180 երկիր, փաստում է, որ գլոբալ տաքացման խնդիրը լուրջ է, և աշխարհը փորձում է լուծումներ գտնել։ Ինչպես նկատեցիք, նստաշրջանները սկսվեցին նախագահների ձևաչափով, նրանք ներկայացրին բնապահպանական ազգային ծրագրերը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխարհին ներկայացրեց մեր երկրի տեսլականը` Հայաստանի ազգային ծրագրով։ Նախարարների հանդիպումն այդ թեմայի շարունակությունն էր։ Խնդիր էր դրված պարզելու, հասկանալու այսօրվա իրավիճակը և լուծումներ գտնելու։ Գլոբալ տաքացման խնդիրը գնալով սպառնալիք է դառնում և, բնականաբար, աշխարհը մտահոգված է հարցի լուծմամբ, անկախ որևէ երկրի բնակչության թվաքանակից և մեծությունից։ Յուրաքանչյուր պետություն պետք է հասկանա խնդրի լրջությունը և ստանձնի դրանք լուծելու պարտավորություն։ Քանի որ գլոբալ տաքացումը հիմնականում արտանետումների հետևանք է, խնդիր դրվեց այս հարցին առնչվող լուծումներ գտնել։
-Կոնկրետ ի՞նչ առաջարկվեց։ Մեզ հասած տեղեկության համաձայն, առաջարկվող լուծումներին դեմ են եղել ԱՄՆ-ն ու Չինաստանը։
-Այո, կոնկրետ առաջարկ եղավ։ Մասնավորապես, որոշվեց 1,5-2 աստիճանով նվազեցնել ջերմաստիճանը` արտանետումների ծավալն իջեցնելու միջոցով։ Ինչ խոսք, առաջարկները շատ էին և բավականին բարդ լուծումներ էին առաջադրում։ ԱՄՆ-ն ու Չինաստանը դեմ էին առաջարկվող տարբերակին։ Ճիշտ է, վերջիններս ունեին իրենց առաջարկը, սակայն այն ավելի էր նպաստում երկրի ջերմաստիճանի բարձրացմանը, ինչը կառաջացներ ոչ լիարժեք հավասար դաշտ։ Այնուհանդերձ, մեծամասնությունը կողմ եղավ վերը նշված առաջարկին։ Սա շատ կարևոր որոշում է, քանի որ հետագայում աշխարհը կունենար ավելի մեծ կորուստներ։
-Ինչպիսի՞ն է մեզ մոտ արտանետումների ծավալը։
-Հայաստանն աշխարհի մաս է կազմում և, բնականաբար, չէր կարող չկարևորել այդ խնդիրը։ Իհարկե, իրավիճակի գնահատման տեսանկյունից եթե դիտարկենք հարցը, ապա այս պահին մենք կարող էինք և չմիանալ այս կոնվենցիային և որևէ պարտավորություն չստանձնել։ Այն պարզ պատճառով, որ մեզ մոտ ջերմոցային արտանետումները համեմատաբար նվազ են։ Բայց, ինչպես նշեցի, մենք աշխարհի մի մասն ենք և գլոբալ տաքացման վտանգն անտեսել չենք կարող։ Հետևաբար, մյուս ազգերի հետ համախմբված պայքարելու ենք խնդրի դեմ։ Ընդգծեմ, որ, բացի վերը նշված որոշումից, հաստատվեց նաև «կանաչ ֆոնդ» ձևավորելու առաջարկը։ Ֆոնդի գումարները տարբեր երկրներ կօգտագործեն տնտեսության մեջ` բարձր տեխնոլոգիաներ կիրառելով, ինչը կնպաստի արտանետումների նվազեցմանը։ Ճիշտ է, Հայաստանն այդ ֆոնդին փոխանցումներ չի անի, քանի որ մեզ մոտ արտանետումների քանակը ցածր է, սակայն մեր տնտեսությունը կարող է այդ հիմնադրամից օգտվել։ Սա կարևոր ծրագիր եմ համարում, ինչը լուրջ առաջընթաց կապահովի։
-Պարոն նախարար, քանի որ մեր ժողովրդի աչքը վարկերից վախեցած է, ճշտենք` հիմնադրամի գումարները վարկայի՞ն են։
-Ո՛չ, սա բացարձակապես վարկային ծրագիր չէ։ Սա ընդամենը օժանդակություն է զարգացող երկրներին, որպեսզի նրանք կարողանան զարգացնել տնտեսությունը առանց մեծ վնաս հասցնելու շրջակա միջավայրին։
-Իսկ ճի՞շտ է, որ Դուք նստաշրջանի լիագումար նիստում նախագահ Լորան Ֆաբիուսի հետ քննարկել եք ապագա համաձայնագրի նախագիծը։
-Կասեի այսպես` քննարկվել է ապագա համաձայնագրի նախագիծը, ինչի վերաբերյալ մենք ևս մեր առաջարկություններն ենք ներկայացրել, որոնք, ի դեպ, հետագայում գրեթե ամբողջությամբ ընդունվեցին: Համաձայնագիրն արժանացավ կողմերի հավանությանը և Լորան Ֆաբիուսի նախագահությամբ դեկտեմբերի 11-ին կայացած եզրափակիչ լիագումար նիստում ընդունվեց: Ի դեպ, մենք մասնակցեցինք նաև ֆրանկոֆոն երկրների նախարարների հանդիպմանը, որը նվիրված էր կլիմայի փոփոխության խնդիրներին: Հանդիպում կայացավ նաև Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Նաուկո Իշիի հետ, հանգամանորեն ներկայացվեցին հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացված ծրագրերի արդյունքները, ինչպես նաև Ռիո կոնվենցիաների շրջանակներում կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը: Կարևոր եմ համարում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ առավել ընդարձակ և բազմաբնույթ ծրագրերի իրականացումը:
Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ